ԱՄՆ-ի պետքարտուղար Մարկո Ռուբիոն շաբաթ օրը հեռախոսազրույց է ունեցել ռուսաստանցի պաշտոնակից Սերգեյ Լավրովի հետ՝ վերջին բանակցությունների վերաբերյալ տեղեկություն ստանալու նպատակով։ «Մի կողմից, մենք փորձում ենք խաղաղության հասնել և վերջ դնել շատ արյունալի, թանկարժեք և կործանարար պատերազմին, ուստի որոշակի համբերություն է պահանջվում։ Մյուս կողմից, մենք զուր վատնելու ժամանակ չունենք։ Աշխարհում շատ այլ բաներ են տեղի ունենում, որոնց մենք նույնպես պետք է ուշադրություն դարձնենք»,- ընդգծել է Ռուբիոն։               
 

Պուտինի մարտավարությունն ուղղվեց իր դեմ

Պուտինի մարտավարությունն ուղղվեց իր դեմ
28.03.2018 | 12:00

2014-ի գարնան սկզբին աշխարհը զարմանքով հետևում էր` ինչպես առանց տարբերանշանների զինվորները գրավում էին ուկրաինական Ղրիմ թերակղզու կառավարական շենքերը, շրջապատում էին ուկրաինական ռազմաբազաները ու նոր ղեկավարներ էին նշանակում: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը այն ժամանակ հայտարարեց, որ նրանք ռուս զինվորներ չէին, այլ` «ինքնապաշտպանության տեղական ուժերի ստորաբաժանումները»:

Մեկ ամիս անց Ռուսաստանը բռնակցեց Ղրիմը: Իսկ մեկ տարի անց Պուտինն ընդունեց, ինչ բոլորն էին կասկածում` այո, այնտեղ ռուս զինվորներն են եղել: Հենց այդ ժամանակ «ճշմարտանման հերքում» (plausible deniability) արտահայտությունը սովորական դարձավ Ռուսաստանին վերաբերող արևմտյան քննարկումներում: Պուտինի քաղաքականության առանձնահատկությունը դարձավ կասկածելի գործերի իրականացումը իր դրածոների կամ դժվար նույնականացվող կատարողների ձեռքով: Երբեմն գործող անձինք իրոք Կրեմլի գաղտնի գործակալներն են, ինչպես եղավ Ղրիմում: Բայց մի քանի տարի անց Պուտինը կատարելագործեց իր ռազմավարությունը` ուղղակի կամ անուղղակի անկախ դեմքերին մղելով գործողությունների և մաքուր պահելով Կրեմլի ձեռքերը: Շատ դեպքերում այդ մարտավարությունը Արևմուտքին դարձնում էր անօգնական դիտորդ, որ չի կարող ստիպել Ռուսաստանին պատասխան տալ իր գործողությունների համար: Բայց այդ մարտավարության ժամանակը կարող է սպառվել: Սերգեյ Սկրիպալի մահափորձը` ՌԴ նախկին կրկնակի գործակալի, որ անգիտակից վիճակում գտնվեց Անգլիայի հարավ-արևմուտքում մարտի սկզբին` թունավորված մահացու վտանգավոր նյարդակաթվածահար նյութով, կարող է դառնալ «ճշմարտանման հերքման» մարտավարության վերջակետը: Այս անգամ այդ մարտավարությունն ուղղվեց Կրեմլի դեմ:


Ղրիմի բռնակցումից հետո Ռուսաստանը «ճշմարտանման հերքմանը» բազմիցս է դիմել: Դասական դեպքը ԱՄՆ նախագահական ընտրություններին միջամտությունն է` Պուտինը քանիցս ընդգծել է, որ «կառավարաման մակարդակով» Ռուսաստանը չի միջամտել, բայց հավելել է, որ որոշ «հայրենասեր հաքերներ» կամ ՌԴ քաղաքացիություն ունեցող տրոլներ կարող էին գործել: ՌԴ նախագահը փորձեց իր գործողությունների հերքումից օգուտ քաղել` խոսակցությունը սեփական գերակայությունների կողմը ուղղելով` մեղադրելով ԱՄՆ-ին Ռուսաստանի գործերին միջամտելու մեջ և համագործակցության կոչ է արել ինտերնետի և սոցիալական ցանցերի կարգավորման գործում: Այդ մարտավարությունը չի կարելի բացարձակ հաջողություն անվանել: 2016-ին Մոսկվայի համար մեծ անակնկալ էր, երբ Չեռնոգորիան մեղադրեց ՌԴ հատուկ ծառայությունների երկու աշխատակիցների պետական հեղաշրջման նախապատրաստման մեջ, որ կանխատեսվում էր իրականացնել հակաՆԱՏՕ-ական տարերային բողոքների ալիքի վրա: Առավել ողբերգական դարձավ ռուս դրածոների սխալը, որ խփեցին մալայզիական Boing 777-ը 2014-ին, ՈՒկրաինայի արևելքում: Մոսկվան մինչև հիմա պնդում է, որ ոչ մի կապ չունի այդ միջադեպի հետ, բայց միջազգային հանրության մեղադրանքներից խուսափել չի հաջողվում:

Խնդիրն այն է, որ «ճշմարտանման հերքումը» ազատ է արձակում բոլոր ակտիվիստների ու դրածոների ձեռքերը: Երբեմն նրանք գործում են Կրեմլի հրահանգով, մյուս դեպքերում սեփական նախաձեռնությամբ` փորձելով անել այն, ինչ իրենց կարծիքով, դուր կգա Պուտինին: Նրանց ոչ միշտ է հնարավոր վերահսկել և նրանք երբեմն կարող են կոպիտ սխալ գործել կամ հատել գիծը, որ Կրեմլը չէր ցանկանա: Տեսականորեն Պուտինը կարող է նրանցից հրաժարվել, երբ սխալ են գործում կամ մերկացվում են, բայց դա հազվադեպ է լինում: Ամեն ինչից բարձր նա գնահատում է հավատարմությունը և չի ցանկանում պատժել իրեն հավատարիմ մարդուն կամ մարդկանց խմբին, նույնիսկ երբ սխալ են գործել: Սակայն հիմա դրածոների օգտագործումը Ռուսաստանի համար դառնում է հետևողական քաղաքականության արգելակ: Արևմուտքի անհանգստությունը իր ներքին գործերին ռուսական միջամտությունից, որ կտրուկ աճում է, բայց ռուս տրոլների ու հաքերների տեսքն ունի, նշանակում է, որ նույնիսկ բացարձակ օրինական գործողությունները, օրինակ, ռուսական բիզնեսի առաջմղումն արտասահմանում, հիմա կասկածներ են հարուցում: ՌԴ ԱԳՆ-ն առանձնապես գոհ չէ դրանից: Ոչ էլ մոսկովյան գործարար շրջանակները: Բայց նրանք չեն կարող Կրեմլի առաջ հարց բարձրացնել` այդ գործողությունները հերքվում են, դրանք չի կարելի քննարկել սովորական քաղաքական բանավեճերում: Այդ պատճառով ռուսական տարբեր կառույցներ փաստացի հնարավորություն չունեն հավաքվել ու քննարկել` որո՞նք են երկրի համար այդ գործողություններին չխառնվելու թերություններն ու առավելությունները: Սկրիպալի մահափորձը միայն վատացրեց իրավիճակը: Միջադեպի շատ մանրամասներ շարունակում են տարակուսանք հարուցել` դժվար է հասկանալ, թե Կրեմլի ինչի՞ն էր պետք Արևմուտքի հետ լարումը մեծացնել հենց հիմա: Այդ լարումը լրջորեն սահմանափակում է ռուսական արտաքին քաղաքականության հնարավորությունները: Պուտինը սիրում է ընտրության հնարավորություններ ունենալ: Ճիշտ է, որ նա տանել չի կարողանում դավաճաններին, բայց Սկրիպալի պես փոխանակվող լրտեսները ավանդաբար անձեռնմխելի են եղել:

Մոսկվայի ինչի՞ն էր պետք լրտեսների փոխանակման սառը պատերազմի շրջանի կանոնների փոփոխությունը, կանոններ, որ ձեռնտու են Ռուսաստանին: Կասկածելի է, որ մահափորձը պայմանավորված էր Ռուսաստանի ներքին քաղաքականությամբ: Հանցանքը չափազանց ուշ է գործվել, որ ազդեր ընտրությունների արդյունքների վրա, ընտրարշավի հետ կապ չունի: Առավել տրամաբանական բացատրությունը` սպանության փորձը, ընդհանրապես պատվիրված, բայց առանց հատուկ թույլտվության, իրականացրել են որոշ ազդեցիկ անձինք ոչ Կրեմլից: Անգամ այս վարկածը հարցեր է հարուցում` ինչու՞ է թողնվել այդքան բացահայտ «ստորագրություն»` նյարդակաթվածահարող նյութ, որ արտադրվում էր միայն նախկին ԽՍՀՄ-ում: Գուցե դա ուղե՞րձ է: Եթե այո, ու՞մ և ումի՞ց:


Ի վերջո, այդ ամենը նշանակություն չունի այս հարցում: «Հայրենասեր հաքերները» կամ «հայրենասեր տրոլները» կարող են անկախ գործել, բայց եթե ինչ-որ մեկը զբոսնում է փողոցում` օգտագործելով Ռուսաստանում արտադրված մարտական նյարդակաթվածահարող գազ, դա դառնում է Մոսկվայի խնդիրը` անկախ գործի հանգամանքներից ու ներգրավված անձանցից: Նույնիսկ եթե Սկրիպալի վրա հարձակումը «ահաբեկչական գրոհ» էր, ինչպես ենթադրում է ՌԴ ԱԳՆ-ն, բոլոր հայացքներն ուղղվում են Ռուսաստանին, որ այդ նյութի միակ հայտնի արտադրողն է:
Մոսկվայի «ճշմարտանման հերքման» մարտավարությունը` ՈՒկրաինայից մինչև ԱՄՆ, վատացնում է իրավիճակը: Աշխարհը դեռ չգիտի Սկրիպալի թունավորման բոլոր մանրամասները և չի ուզում սպասել: Անցյալում Մոսկվան չափազանց հաճախ է հերքել իր առնչությունը միջադեպերին, թեպետ հետքերը տարել են Կրեմլ ու նրա դրածոներ: Ռուսաստանի հերքումն այլևս վստահություն չի գտնում: Այն, ինչ առաջ հաջողությամբ օգտագործվել է, հիմա Կրեմլի շահերին վնասում է և նպաստում, որ Ռուսաստանին համարեն մեղավոր, քանի դեռ հակառակն ապացուցված չէ:
Կադրի ԼԻԿ, The New York Times


Հ.Գ. Թերեզա Մեյը, իհարկե, հաջող խաղարկեց Սկրիպալների թունավորումը` երկրի ու ԵՄ-ի ուշադրությունը շեղելու բրեկզիտի խնդիրներից ու ստեղծելու ԵՄ-Մեծ Բրիտանիա բացառիկ համերաշխության մթնոլորտ: Բայց դա չի ազդում ԵՄ-Մեծ Բրիտանիա խնդիրների լուծմանը հօգուտ Լոնդոնի: Բրյուսելը իր շահերը լավ գիտի: «Դիվանագիտական պատերազմին» կարող են հաջորդել նաև այլ հարվածներ Ռուսաստանից: ՌԴ ԱԳՆ մամլո խոսնակ Մարիա Զախարովան անակնկալ է խոստացել: ՌԴ ՊՆ-ն հայտարարել է, որ ապացույցներ ունի, որ «Նովիչոկ» գազը նաև ԱՄՆ-ում է արտադրվել: Սկրիպալների գործը պատրվակ դարձավ, որ ԵՄ-ն իր վերաբերմունքը արտահայտի Պուտինի վերընտրությանը և նրա քաղաքականությանը, բայց չգիտի` ո՞րն է լինելու իր հաջորդ քայլը: Առավել ևս, որ իրականում ԵՄ 28 երկրներում միասնություն չկա այդ հարցում: Իսկ Պուտինը ժամանակ ունի ծրագրված հակահարվածի: Նա միշտ ընտրում է ոչ համարժեք պատասխանի տարբերակը:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 2248

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ